Թուրքիան որոշել է հաշտվել Ֆրանսիայի հետ, սպասում է, թե երբ Փարիզը կկողմնորոշվի Ցեղասպանության հարցում

Թուրքիան որոշել է հաշտվել Ֆրանսիայի հետ, սպասում է, թե երբ Փարիզը կկողմնորոշվի Ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նախընտրական խոստումները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կրկին շրջանառության մեջ դնելու վերաբերյալ, Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը հայտարարել է, որ հարկավոր է «ուսումնասիրել թեկնածուների հայտարարությունները և հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»:

«Մենք սպանում ենք, թե երբ Ֆրանսիան նոր կառավարություն կձևավորի: Իրավիճակը, որ ստեղծվել է երկկողմ հարաբերություններում, չի համապատասխանում թուրք-ֆրանսիական ամուր կապերին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը՝ նշելով, որ եթե Ֆրանսիան գործի «ըստ այն դիրքորոշման, որը Թուրքիան ընդունելի է համարում, Անկարան պատրաստ է ամրապնդել երկկողմ կապերն ու սերտորեն համագործակցել Ֆրանսիայի հետ միջազգային հարցերում, որոնք վերաբերում են Եվրոպայի ապագային»:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ֆրանսիայի նոր ղեկավարությունը կբացի նախկինում սառեցված բանակցային հինգ կետերը, որոնք վերաբերում են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Հարկ է նշել, որ նախընտրական արշավի ժամանակ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հանդես եկավ Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունմանը կողմ: «Անկախ ճնշումներից, ես ամեն ինչ կանեմ, որ օրենքն ընդունվի: Հայերի պատմությունը երբեք չի մոռացվի, քանի որ երբեք չի վիճարկվի»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---