Մայիսի 20-ին Արեգակի օղակաձև խավարում կլինի

Մայիսի 20-ին Արեգակի օղակաձև խավարում կլինի

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Արեգակի օղակաձև խավարում կլինի: Այս խավարումը 1994թ. հետո Արեգակի առաջին օղակաձև խավարումն է, որի դեպքում՝ ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 20:56:07-ին և մի քանի ժամ անց՝ 23:53:54 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտևի 5 րոպե 46 վայրկյան: Իսկ խավարումն ամբողջությամբ կավարտվի 02:49:21 (UTC): Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0.94 մասը: Խավարումը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիաից, Խաղաղ օվկիանոսից, արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի, քանի որ խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու: Հայկական աստղագիտական ընկերության տեղեկացմամբ` այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից առաջինն է: Հաջորդ խավարումը սպասվում է նոյեմբերի 13-ին:

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդիհամար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը` գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ), և խավարման առավելագույն փուլում այն ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե» օղակ հիշեցնող պատկեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---