Այս տարի մայրաքաղաքում մեկի փոխարեն կգործի երեք կոլտնտեսային շուկա

Այս տարի մայրաքաղաքում մեկի փոխարեն կգործի երեք կոլտնտեսային շուկա

PanARMENIAN.Net - «Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվում են, և արդեն կարելի է կանխատեսել սպասվող բերքի ծավալներն ու տարվա ցուցանիշները: Մենք բոլորս սպասարկում ենք պետության և գյուղացու շահերը և իրավունք չունենք նահանջելու նախորդ տարվա ցուցանիշներից: Մեր տնտեսությունը զարգացման փուլ է մտել, և դա անչափ լարված աշխատանք է պահանջում բոլորից»: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր այսպես սկսեց հանդիպումը հանրապետության գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ) և հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը տեղերում գյուղատնտեսության առաջնային կարիքները առավել արդյունավետորեն ուսումնասիրելու և սպասարկելու գործելաոճ որդեգրելու անհրաժեշտության քննարկումն էր, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման գերակայություններին և գյուղացու եկամուտների ավելացմանն ուղղված կառավարական ծրագրերին, նախարարը առաջին հերթին կարևորեց ԳԱՄԿ-երի դերը մարզերի գյուղատնտեսության մասին համապարփակ տեղեկատվության տիրապետման և այն օպերատիվորեն նախարարությանը տրամադրելու հարցերում: «Գարունը անակնկալներ է մատուցում գյուղացուն: Ձեր մասնագիտական խորհրդատվությամբ դուք նրա կողքին պետք է լինեք, օգնեք նվազագույնի հասցնել բնության պատճառած վնասները»,- նշեց նախարարը, հանձնարարելով ամեն օր նախարարություն ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության անցուդարձի մասին: Այսուհետ ԳԱՄԿ-երի ղեկավարները, նախարարի հանձնարարությամբ, հանդես կգան եռամսյակային, իսկ բերքահավաքի ժամանակª ամսական, հաշվետվություններով: Մթերման սեզոնին ամենօրյա ամփոփագրեր կներկայացնեն նախարարություն:

Կարևորվեց նախորդ տարվա մեկի փոխարեն ընթացիկ տարում մայրաքաղաքում նախատեսվող երեք կոլտնտեսային շուկաների կազմակերպման և դրանց մարզերի բնակչության մասնակցության ակտիվացումը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԳԱՄԿ-երի ղեկավարները պարտավորվեցին նախնական տեղեկատվություն ներկայացնել ապագա շուկաներում տեղերի զբաղվածության և վաճառքի ենթակա գյուղմթերքի ծավալների մասին: Մինչև շաբաթվա վերջ նրանք նախարարություն կներկայացնեն նաև տեղեկանքներ գյուղատնտեսական հողատեսքերի չօգտագործման պատճառների ուսումնասիրման մասին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---