Գարեգին Բ–ն Բունդեսթագի ներկայացուցչին. Միջազգային հանրությունը պետք է վճռական ձայն հնչեցնի ադրբեջանական սադրանքների վերաբերյալ

Գարեգին Բ–ն Բունդեսթագի ներկայացուցչին. Միջազգային հանրությունը պետք է վճռական ձայն հնչեցնի ադրբեջանական  սադրանքների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Բ այսօր` հունիսի 11–ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի ուղղեկցությամբ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ է կատարվել խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաև Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը և արդյունավետ համագործակցության ձևավորմանը:

Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծել է գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև մշակույթի ու կրթության ոլորտներում:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` նշելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը պետք է վճռական ձայն հնչեցնի և հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---