Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կարդինալ Լեոնարդոն քննարկել են Էջմիածնի և Վատիկանի միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն hուլիսի 16-ին ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը:

Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:

Կարդինալ Սանդրին անդրադարձել է Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---