Փոխվարչապետն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր

Փոխվարչապետն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Արարատի և Վայոց ձորի մարզեր` առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Արարատի մարզին երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամ, որով մարզում իրականացվում է 60 ծրագիր:

Արդեն ավարտված է ընդհանուր աշխատանքների 50 տոկոսը:

Փոխվարչապետն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ այցելեց Ոսկետափ համայնք, որտեղ հատկացված 10 մլն դրամով վերանորոգվում է համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը:Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին:

Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի և որակով, և հորդորեց մարզպետին մշտապես ուշադրություն դարձնել հրատապ ծրագրով մարզում իրականացվող շինաշխատանքների որակին:

Առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ հրատապ ծրագրերի ֆինանսավորմամբ Արարատ քաղաքն ունի վերանորոգված մշակույթի տուն: Մշակույթի տան վերանորոգումը սկսվել և ավարտին է հասցվել առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ հրատապ ծրագրերով հատկացված համապատասխանաբար 36 և 25 մլն դրամով:

Ա.Գևորգյանը կարևորեց համայնքներում վերանորոգված, բարվոք պայմաններով մշակույթի տների առկայությունը, ընդգծելով դրանց կարևորությունը մարզերում երիտասարդների ժամանցի կազմակերպման առումով:

Արարատի մարզից Ա.Գևորգյանը մեկնեց Վայոց ձորի մարզ: Փոխվարչապետի հետ քննարկվեց համայնքում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման համար ֆինանսական աղբյուրների հնարավորությունները: Հաշվի առնելով դեղձի այս տարվա առատ բերքը, Ռինդ համայնքի ղեկավարը Ա. Գևորգյանի մոտ բարձրացրեց դեղձի իրացման խնդիրը և մթերման կազմակերպման հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը:

Մարտիրոս համայնքի բնակիչները Ա.Գևորգյանին ներկայացրին մի շարք խնդիրներ, նշելով, որ հատկապես առաջնահերթ են համայնքի վթարային բնակելի տների հարցի լուծումը, ինչպես նաև համայնքային մշակույթի տան վերանորոգումը:

Բարձրունի Համայնքի բնակիչները Ա. Գևորգյանին դիմեցին ոռոգման ցանցի վերանորոգման հարցով, որը հնարավորություն կտա մշտապես ոռոգելի դարձնել և մշակել 100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Գյուղացիները բարձրացրին նաև Սերս-Բարձրունի ճանապարհի վերանորոգման խնդիրը և ակնկալեցին կառավարության աջակցությունը:

Վայոց ձորին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 780 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` երեք ծրագրերով մարզի 16 համայնքներում իրականացվել և ընթացքի մեջ է 51 ծրագիր:

Այցի ավարտին փոխվարչապետը մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկեց մարզի առաջնահերթ խնդիրներին` սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական բերքի իրացմանը, ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---