Աշխատավարձերի եկամտահարկի փոփոխմամբ 2013-ին բնակչության եկամուտները չեն կրճատվի

Աշխատավարձերի եկամտահարկի փոփոխմամբ 2013-ին բնակչության եկամուտները չեն կրճատվի

PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցրել ՀՀ «Եկամտահարկի մասին օրենքում», որի համաձայն, արդեն 2013 թ. հունվարի 1-ից կփոխվի աշխատավարձերի հարկման ձևը, սակայն աշխատավարձերի նվազում չի լինի: Այդ մասին այսօր` օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ օրենքով արգելվում է գործատուին` 2013 թ. հունվարին առանց հիմնավոր պատճառաբանման նվազեցնել աշխատողների աշխատավարձը, այլապես նրանց մոտ կառաջանան հավելյալ հարկային պարտավորություններ: Նա բացառել է նաև «ստվերի» առաջացումը, քանի որ ըստ Աշխատանքային օրենսգրքի գործատուները ստիպված են լինելու ներկայացնել հանգամանալից բացատրություններ:

Նրա տեղեկացմամբ` նոր, միասնական եկամտահարկը կունենա հետեւյալ դրույքաչափերը` 24.4% (մինչեւ ամսական 120 հազ. եկամտի դեպքում) եւ 26 % (ամսական 120 հազ. դրամը գերազանցելու դեպքում): Այս դրույքաչափերը կփոխարինեն այսօրվա գործող եկամտահարկին ու սոցիալական աապահովության վճարներին:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` գործատուները նույնպես հավելյալ ծախսեր չեն կատարի: Ամսական 100 հազ. դրամ աշխատավարձ վճարելիս գործատուի հավելյալ ծախսը ընդամենը 775 դրամ է, որը սակայն կփոխհատուցվի հաշվետվությունների քանակի նվազման, դրանց կազմման վրա ծախսվող ջանքերի կրճատման շնորհիվ: Այսինքն` գործատուն ներկայիս երկու հաշվետվության փոխարեն (եկամտահարկի ու սոցիալական ապահովության) կկազմի միայն մեկ միասնական հաշվետվություն, ու պարտադիր այն կներկայացնի էլեկտրոնային եղանակով:

2013 թ. հունվարի 1-ից գործատուները պետք է պարտադիր կերպով հաշվետվություն ներկայացնեն միասնական եկամտահարկի մասին էլեկտրոնային տարբերակով և էլեկտրոնային ստորագրությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---