ՀՀ Գիտությունների ակադեմիան կասեցնում է իր հարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ

ՀՀ Գիտությունների ակադեմիան կասեցնում է իր հարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ

PanARMENIAN.Net - Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանը: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջև ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձևավորվել գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ և հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից, ստիպված կասցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի:

Հուսով ենք, որ ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի կդարձնեք Ձեր իշխանություններին, կդատապարտեք ու կպարսավեք նրանց անբարո եւ հունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---