Նախագահը մասնակցել է Գյումրու բժշկական կենտրոնի բացմանը

Նախագահը մասնակցել է Գյումրու բժշկական կենտրոնի բացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին:

Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Շրջայցի ժամանակ նախագահին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Գյումրու նոր բժշկական կենտրոնի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Նախագահը վերանորոգված հիվանդանոցում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին: «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաև արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---