Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան

Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան: Կառավարության ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջել է հաստատություններով և ծանոթացել կատարված աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

ԱԻՆ նորակառույց հրշեջ մասը սպասարկելու է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: ԱԻ նախարարությանը կից պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է: Պոլիկլինիկայում կիրականացվի նաև փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն և ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն:

Աղետների ու ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ՝ փրկարարներին ու տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կառուցվածքին, առաքելությանը, տեխնիկական հնարավորություններին, որից հետո տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք: «Մեր ժողովուրդն ուշադրության կենտրոնում է պահում համակարգի աշխատանքները և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս մեր հիշողության մեջ թարմ են Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքներն ու տեղի ունեցած բազմաթիվ այլ արտակարգ իրավիճակներ: Հասկանալի է, որ մեր ժողովուրդն զգայուն է այս հարցում և խստապահանջ: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ համակարգի խնդիրները գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և պետությունը ջանքեր է գործադրում համակարգն արդիականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում այս բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, իսկ համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական: «Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում են գտնվում կանխարգելիչ բնույթ կրող միջոցառումները, բնակչությանը նոր գիտելիքների հաղորդումն ու համակարգում ժամանակակից տեխնիկայի ներդրումը: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն այս բնագավառում իր պատրաստվածությամբ մոտենում է միջազգային լավագույն չափանիշներին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արտակարգ իրավիճակների օրվա առթիվ, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով են պարգևատրվել համակարգի մի խումբ աշխատակիցներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---