7 սեպտեմբերի 2012 - 15:38 AMT
Մրգի ու բանջարեղենի շուկայում օգոստոսին հուլիսի համեմատ գնանկում է արձանագրվել

Մրգի ու բանջարեղենի շուկայում օգոստոսին հուլիսի համեմատ գնանկում է արձանագրվել: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Այսպես մրգի շուկայում ընդհանուր 3,6 տոկոս գնանկման պայմաններում տանձն էժանացել է 30 տոկոսով, դեղձը՝ երկու անգամ, սալորը՝ 23 տոկոսով, ձմերուկը՝40 տոկոսով, սեխը՝ 38 տոկոսով: Միաժամանակ, այս շրջանում նվազել է նաև ելակի գինը՝ 7,9 տոկոսով, նարինջինը՝ 6,7 տոկոսով, լիմոնինը՝ 1,5 տոկոսով:

Միևնույն ժամանակ 2012 օգոստոսին 2011թ. նույն շրջանի համեմատ մրգի գները նվազել են 11,6 տոկոսով:

Օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ բանջարեղենի շուկայում 8,6 տոկոս գնանկման պայմաններում վարունգն ու սխտորը էժանացել են 30 տոկոսով, իսկ աճել են կաղամբի, ծաղկակաղամբի, լոլիկի, կանաչ լոբու, կանաչ բիբարի, կարտոֆիլի գները: