8 սեպտեմբերի 2012 - 14:05 AMT
Կանադայի հայկական կառույցները համախմբվել են՝ բողոքելով Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ

Կանադայի հայ համայնքը Օտտավայում բողոքի ցույց է կազմակերպել Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև՝ բողոքելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում սմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու դեմ, որտեղ նրան անմիջապես ներում է շնորհվել:

Ցույցին մասնակցել են նաև Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ցույցին աջակցել են «Արմեն Գարո» ուսանողական միությունը, «ՀԲԸՄ Կանադայի երիտասարդ մասնագետներ»-ը, A.S.A կազմակերպությունը և հայկական այլ կառույցներ, հայտնում է սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: