8 սեպտեմբերի 2012 - 16:34 AMT
Ամրամ Պետրոսյան. Ալիևի պահվածքը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության սրմանը

Ուկրաինայի Կենսաթոշակառուների կուսակցության նախագահ Ամրամ Պետրոսյանը խորը ափսոսանք է հայտնել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու առիթով: Մասնավորապես, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Մենք խորապես ցավում ենք ներման փաստի համար: Ադրբեջանի նախագահը ցույց է տվել, որ համամարդկային արժեքները, որոնց վրա կառուցվում են ազգամիջյան և միջպետական փոխհարաբերությունները, ոտնահարվել են: Նա պահվածքը չի տանում ղարաբաղյան հարցի կարգավորմանը, այլ, հակառակը, կարող է հանգեցնել դրա սրմանը»:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: