2013թ. ևս 100 000 պետծառայողներ հավանաբար սոցփաթեթներ կստանան

2013թ. ևս 100 000 պետծառայողներ հավանաբար սոցփաթեթներ կստանան

PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են ևս 100 000 պետծառայողների ընդգրկել սոցփաթեթների ծրագրում: Այդ մասին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Ըստ նրա, արդեն գործող փաթեթի շրջանակում, որին մասնակցում են մոտ 120 հազար պետծառայողներ, նկատվում է բժշկական ապահովագրության կիրառման բարձր ակտիվություն, սակայն խնդիրներ կան ապահովագրական հաստատություն-քաղաքացի-բժշկական հաստատություն շղթայի համագործակցության առումով: Խոսքն այն մասին է, որ քաղաքացին կամ դիմում է ապահովագրական կազմակերպությանը և ստանում է իրեն հասանելիք փոխհատուցումը բժշկական ծառայությունների համար, կամ ինքն է վճարում բժշկական հաստատության տրամադրած ծառայությունների համար՝ հաշիվը հետո ներկայացնելով ապահովագրական ընկերությանը: Վերջինս չի փոխհատուցում նրան այդ ծախսերը, քանի որ բժշկական ապահովագրության փաթեթում այդ ծառայությունները նախատեսված չեն, արդյունքում տուժում է քաղաքացին: «Ես առաջարկել եմ ֆինանսական հաշտարարի գրասենյակին, որ Հայաստանում կիրառվի բժշկական ապահովագրության ամերիկյան փորձը, երբ քաղաքացին չի միջամտում ֆինանսական հարցերին»,-ասել է նա:

Ինչպես ասել է Ալթունյանը, ընկերությանը բաժին է ընկել սոցփաթեթների 38 տոկոսը, կամ 40 000 պետծառայող: Սակայն նա շահույթ չի ակնկալում: «Քաղաքացին ստանում է ավելին, քան վճարում է»,-նշել է նա:

Ընկերության ղեկավարը հավելել է նաև, որ բժշկական ապահովագրության փոխհատուցումները 2012թ. առաջին 8 ամիսներին կազմել են 0,5 մլրդ դրամ՝ ներառյալ կամավոր ապահովագրությունը: Նշենք, որ 54 դեպքում ընկերության հատուցումը գերազանցել է 1 մլն դրամը:

Սոցփաթեթը կիրառվում է Հայաստանում 2012թ. հունվարից և նախատեսված է քաղծառայողների, պետծառայողների, պետական պաշտոնյաների, ինչպես նաև մշակույթի, կրթության ու սոցիալական ապահովության ոլորտի պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձնաց համար:

Ամսական վճարը պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակում կազմում է 52 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 3,8 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունները պարտավոր են փոխհատուցել մի շարք սուր, անհետաձգելի ու պլանային բժշկական ծառայություններ, այդ թվում նաև հիվանդանոցային բուժում, ներառյալ թերապևտիկ բուժումը: Փաթեթում ներառված են վնասվածքների, էլեկտրական հոսանքի, այրվածքների բուժումը, ինչպես նաև վիրահատական միջամտություն պահանջող հիվանդությունները՝ այդ թվում նեյրովիրահատական, սրտի վիրահատություններ, ներերակային վիրահատություններ:

Սոցփաթեթ չի տրամադրվում կադրային ռեզերվի անձանց, այն աշխատակիցներին, ում աշխատանքային ստաժն այդ ձեռնարկությունում չի գերազանցում վեց ամիսը, նրանց, ով աշխատում է պակաս քան կես դրույքով, ինչպես նաև տեխնիկական սպասարկման աշխատակիցներին և պաշտոնյաներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---