Արմեն Աշոտյան. Հատուկ և ներառական կրթության խնդիրները ոլորտի գերակա խնդիրներից են

Արմեն Աշոտյան. Հատուկ և ներառական կրթության խնդիրները ոլորտի գերակա խնդիրներից են

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ողջունելով հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին՝ նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որում անդրադարձ կա տվյալ հարցերին: «Ինչպես օրենքի լրամշակման, այնպես էլ հետագայում օրենքի կիրակման հետ կապված մենք կարևորում ենք միջազգային առաջավոր փորձը»,- նշել է նախարարը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում շարունակել համագործակցությունը: Մասնավորապես, առաջարկ է եղել Երևանի մի քանի նախակրթարաններում ներառական կրթության փորձնական ծրագրեր իրականացնել:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հատուկ դպրոցներում գործում է հասարակական վերահսկողության խումբ, որը նպատակ ունի պետական վերահսկողությանը զուգահեռ անկախ հասարակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով բարձրացնել հատուկ կրթության արդյունավետությունը: Անդրադառնալով կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդրին՝ կողմերը նշել են երեխաների հաշվառման համակարգի բարելավման մասին, մասնավորոպես, մատնանշվել է տեղեկատվության համաձայնեցումն ու փոխանակումը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահագրգիռ կառույցների միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հետ կապված հարցերին: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է տրամադրել տարածք և թույլտվություն՝ Հայաստանում սիրիական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար, սակայն կան որոշ դժվարություններ՝ կապված անհրաժեշտ կրթական ծրագրերի և մասնագետների բացակայության հետ: Արձագանքելով նախարարի առաջարկին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---