Քաղաքի այլանդակումը սկսվում է «այլանդակ» քաղաքացիներից

Քաղաքի այլանդակումը սկսվում է «այլանդակ» քաղաքացիներից

PanARMENIAN.Net - Երեկ չէ առաջին օրը Հյուսիսային պողոտայի «կանաչ տարածքների», ասել է թե` փոքրիկ նոճիների պատվանդաններին հայտնվեց «Ես քեզ սիրում եմ Դանի» անստորագիր գրությունը: Այն միանգամից հայտնվեց երևանցիների ուշադրության կենտրոնում, թեև արձագանքները միանշանակ չէին: Մի մասը վրդովված էր քաղաքի ապականման հերթական օրինակից, մյուս մասը հիացած էր անհայտ հեղինակի պսևդոռոմանտիզմով: Ինչևէ, գրությունը չափազանց բանուկ վայրում էր, ուստի կարճ ժամանակ անց մաքրվեց: Բայց ամբողջ հարցը նրանում է, որ գրությունը մաքրելով խնդիրը չլուծվեց:

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր քաղաքի տարբեր անկյուններում, մարդաշատ և լքված վայրերում նման գրություններ է հայտնաբերում, որոնցով անհայտ անձինք գրություններից մեզ հայտնի դարձող անձանց խոստովանում են իրենց զգացմունքները: Բայց արդյո՞ք դա պետք է անել քաղաքի տեսքը փչացնելու ճանապարհով: Դժվար թե: Խոստովանության ավելի օրիգինալ և «անվնաս» տարբերակներ փնտրելու փոխարեն սիրահարները կամ «հավերժ ընկերները» գերադասում են իրենց ծուռ-մռտիկ տառերով «նախշազարդել» ձեռքի տակ ընկած պատերը: Էլ չենք խոսում պետական կամ պատմամշակութային նշանակության հուշարձանների ապականման մասին, որը դուրս է գալիս քաղաքի սահմաններից: Դե իհարկե, վերոնշյալ գրությունը քաղաքի կենտրոնում էր և շուտ մաքրվեց, բա մնացա՞ծը:

Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, և նման պարագայում հարց է ծագում` արդյո՞ք մենք` քաղաքացիներս, բարոյական իրավունք ունենք պահանջելու, որպեսզի մեր քաղաքի դեմքը չապականվի, որպեսզի ամեն քայլին գեղագիտական հաճույք ստանանք քաղաքի տեսքից: Չէ՞ որ խնդիրն առաջին հերթին մեր մեջ է, չէ՞ որ քաղաքն այլանդակողները հենց մենք ենք կամ մեր կողքին ապրողները:

Փաստն այն է, որ նրանք շարունակելու են նույն հաջողությամբ ամեն տեղ «անմահացնել» իրենց անունները, քանի դեռ Հայաստանում չկա պատերի վրա գրություններ կատարելն արգելող օրենք կամ նորմ։ Երևանի քաղաքապետարանն ու համատիրությունները չունեն նման արարքների դեմ պայքարի լծակներ։ Ստացվում է, որ խնդրի լուծման միակ ճանապարհն առայժմ սեփական ուժերով նման երևույթները կանխել ու դատապարտելն է: Սկսենք ինքներս մեզնից:

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---