Ադրբեջանում 2011-ին վատթարացել է ազատ ինտերնետի վիճակը, կարծում է Freedom House-ը

Ադրբեջանում 2011-ին վատթարացել է ազատ ինտերնետի վիճակը, կարծում է Freedom House-ը

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակել է հերթական զեկույցն ինտերնետում ազատության մասին: Ինչպես հաղորդում է ՌՒԱ Նովոստին, այդ կազմակերպության եզրակացության համաձայն, 2011-ին օնլայն ազատության վիճակը վատացել է Ադրբեջանում, Լիբիայում, Մալազիայում, Պակիստանում, Ռուսաստանում և Շրի Լանկայում:

«Նոր օրենքները սահմանափակում են խոսքի ազատությունն աշխարհի երկրներում` դիտարկված 47 երկրներից 19-ում 2011-ի հունվարից ընդունված նոր օրենքները կամ սահմանափակում են օնլայն ազատությունը, խախտում օգտագործողների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ նախատեսում նրանց պատիժը, ով անցանկալի է դարձել կամ հրապարակել անցանկալի բովանդակություն: Բլոգերները և հասարակ օգտագործողներն ավելի շատ են բախվել ցանցում քաղաքական արտահայտությունների համար կալանքի ու ճնշման վտանգի հետ: 47 երկրներից 26-ում, ներառյալ որոշ ժողովրդավարական պետություններ, առնվազն մեկ բլոգեր ձերբակալվել է կոնտենտի հրապարակման կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Freedom House-ի կարծիքով, անցած տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ավելացել է իշխանությունների քննադատների վրա հարձակումների թիվը: Զեկույցում նշվում է, որ 47 երկրներից 19-ում բլոգերները և ինտերնետ օգտագործողներն անհետացել են, ենթարկվել կտտանքների, բռնության և ծեծի ինտերնետում իրենց արտահայտությունների համար:

Ժամանակակից ինտերնետում աճել է կազմակերպված ինտերնետ-հարձակումների և կառավարամետ մեկնաբանների թիվը, որոնք վճարվում են իրենց հրապարակումների համար: 19 երկրներում անցած տարի արձանագրվել են կազմակերպված հաքերային հարձակումներ իշխանությունների քննադատների վրա:

Freedom House-ը նաև ըստ ավանդույթի քննադատել է Իրանի, Չինաստանի և Եգիպտոսի իշխանություններին ինտերնետում ազատությունը ճնշելու համար: ԱՄՆ-ում, կազմակերպության կարծիքով, ինտերնետի ազատությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, սակայն կիբեր-տարածության վերահսկողության մասին մի շարք օրենքներ ընդունելու փորձերը Freedom House-ի մոտ որոշակի անհանգստություն են հարուցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---