Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով

Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ և եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, և այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են: Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ վերաբեմունքի արժանանում:

Փոխնախագահի խոսքով` հայերը միշտ էլ հիշում են եզդի ժողովրդի մասնակցությունն անցյալ դարասկզբի մայիսյան հերոսամարտերին, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կռիվ էր տալիս իր անկախության համար, եզդիները, Ջհանգիր Աղայի և այլ եզդի հրամանատարների գլախավորությամբ հայերի հետ միասին մասնակցեցին այդ պայքարին: Եզդիներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արցախյան հերոսամարտին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Հայաստանում Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Փոխնախագահը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգևոր, մշակութային և ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն հայտնեց, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ և եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք կարևորվեց հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարևորեց ժամանակին Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը: Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---