ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս

PanARMENIAN.Net - 2012-ի հոկտեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս: 2012թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 2.5 տոկոս, որը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակն է:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունները մնում են թույլ գնաճային: Չնայած, զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում, կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, այդուհանդերձ, պարենային ապրանքների միջազգային շուկայում դեռևս պահպանվում է հիմնարար լարվածությունն ու ձևավորված թույլ գնաճային միջավայրը՝ պայմանավորված ցորենի միջազգային գնի շարունակական աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա շարունակվել է նաև սեպտեմբերին՝ հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճի:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը մնում է գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման աճի բարձր մակարդակի պահպանմամբ և տնտեսական աճի՝ սպասվածից ավելի արագ տեմպերի դրսևորմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա շարունակվելու է որոշ չափով չեզոքացվել հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Չնայած տարվա անցած ինն ամիսների արդյունքներով 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ մակարդակում, այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին և ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվում են որոշակի գնաճային ազդեցություններ ներքին գների վրա: Այդ պարագայում Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը, որի միջոցով լիովին իրատեսական է կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը մոտեցնել 4 տոկոս նպատակային ցուցանիշին՝ ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---