Երևանի առաջին հեծանվուղին բացվեց

Երևանի առաջին հեծանվուղին բացվեց

PanARMENIAN.Net - Երևանի առաջին փորձնական հեծանվուղին բացվեց: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչաստան» ՀԿ նախագահ Տիգրան Ճորոխյանը, արդեն մեկ տարի է, ինչ «Կանաչաստանը» և Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում են հեծանվային տրանսպորտի զարգացման նպատակով: «Այս ընթացքում Կանաչաստան ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների միասնական ջանքերի շնորհիվ նախագծվել է Երևանում առաջին հեծանվուղին, որն անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: Քաղաքապետարանի ու «Կանաչաստանի» միջոցներով արդեն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները: Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը»,- ասաց նա` հավելելով, որ հեծանվուղին փորձնական է, ուստի կարող են որոշակի թերություններ լինել, որոնք հետագայում անպայման շտկվեն:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ հեծանվուղու բացումը քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության նոր ճյուղն է: «Ամբողջ աշխարհն է այսօր միջոցներ ձեռնարկում քաղաքի էկոլոգիական պայմաններն ապահովելու համար և հեծանվուղիների բացումը դրան ուղղված կարևոր միջոցառումներից մեկն է: Հույս ունենք, որ Երևանում հեծանիվը` որպես տրանսպորտային միջոց, գնալով ավելի մեծ տեղ կգրավի` նպաստելով մայրաքաղաքի էկոլոգիական պայմանների բարելավմանը»,- նշեց նա` ընդգծելով, որ մոտ 2,5 կմ երկարությամբ հեծանվուղին հետիոտնի ճանապարհի մի մասն է զբաղեցրել, քանի որ Երևանի ծանրաբեռնված երթևեկությունը դեռևս չի կարող թույլ տալ ուղիներ առանձնացնել երթևեկության ճանապարհներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---