Քաղաքացին թաքցրել է արգելանքի տակ գտնվող գույքը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քաղաքացի Բ. Մանուկյանի վերաբերյալ քննվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար 2011թ. օգոստոսի 2-ին որոշում է կայացվել` գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Այդ որոշման հիման վրա քաղաքացի Բ. Մանուկյանին արձանագրությամբ ի պահ է հանձնվել ոսկերչական իրեր արտադրելու համար նախատեսված 5 հաստոց, որոնք Բ. Մանուկյանը թաքցրել է:

Արդյունքում` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. հունվարի 24-ի դատավճռով նշանակված գույքի բռնագրավումը կատարելու նպատակով իրականացված կատարողական գործողությունների ընթացքում նշված հաստոցները չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---