Կարեն Ավագյանը «Փուչիկների գործի» մասին.Ես կապ չունեմ փուչիկների հետ

Կարեն Ավագյանը «Փուչիկների գործի» մասին.Ես կապ չունեմ փուչիկների հետ

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այսօր Facebook-յան իր էջում գրել է. « Փուչիկների գործով» մեղադրվող Ս. Բոզոյանի դատավճռի մասին լուրը հրապարակվելուց հետո կրկին իմ հասցեին կարդացի քննադատական կարծիք, թե ինչպես եմ կարողանում հանդուրժել ընտանիք պահող անձնավորության դատապարտման եղելությունը: Սա այն պարագայում, երբ նման տեսակետներ հնչեցնողները, առավել քան համոզված եմ, շատ լավ էլ գիտեն, որ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ։ Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին։

Եկեք չմոռանանք նաև այն հարյուրավոր ընտանիքների մասին, որոնք մեզ հետ միասին այդ չարաբաստիկ միջադեպի օրը խորը ցավ ապրեցին: Փա'ռք Աստծո, անդառնալի կորուստներ չունեցանք:

Եվ չնայած Բոզոյանն ընդունել է իր մեղքը, համոզված եմ, որ իրականում չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ իր արածը: Իսկ ահա նրանք, ովքեր «անհանգստացած» են Բոզոյանի ճակատագրով, թող մտահոգվեն սեփական ճակատագրերով։

Ցավում եմ, որ այս ամիսների ընթացքում մարդիկ, բացի էժանագին դիվիդենտներ շահելուց և իրենց նենգ երեսը ցույց տալուց, ըստ էության, ոչնչով չէին հետաքրքրվում։

Մեզ համար այդ ծանր օրերին այդ մարդկանցից և ոչ մեկին չտեսանք հիվանդանոցներում` երեխաների կողքին... Փոխարենը լսում ենք իրենց «ընտանիքների» վառ երևակայության արդյունքները։

Եվ վերջում. խնդրում ու պահանջում եմ՝ դժբախտ պատահարները մեր իրականության մեջ չդարձնել ինչ-ինչ դիվիդենտներ հավաքելու, միավորներ կուտակելու միջոց»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Փուչիկների գործով դատավարությունը: Գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---