Հայաստանի հինգ համայնքապետեր այցելել են Ռումինիա

Հայաստանի հինգ համայնքապետեր այցելել են Ռումինիա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-30-ին Հայաստանի հինգ համայնքապետեր պատասխան այցով գտնվում էին Ռումինիայում: Ուղիղ մեկ տարի առաջ, 2011թ. հոկտեմբերի 24-28-ին, կայացել էր ռումինական պատվիրակության այցը Հայաստան, երբ Պիտեշտի, Ֆոկշանի, Ռոմանի, Գեռլայի, Դումբրավենի և Ֆրումոսայի քաղաքապետերը այցելեցին Գյումրի, Դիլիջան և Տավուշի մարզկենտրոն Իջևան, ուր պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության կապեր հաստատել Գյումրի-Պիտեշ, Դիլիջան-Ռոման, Իջևան-Գեռլա, Ֆոկշան-Բերդ, Նոյեմբերյան-Դումբրավեն և Այրում-Ֆրումոասա զույգերի միջև: Արդեն այս տարվա մայիսին նման պայմանագիր էր կնքվել Ռոմանի և Դիլիջանի միջև, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայ քաղաքապետերի պատվիրակությունը Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին մեկնեց Վրանչայի նահանգային կենտրոն, ուր Ֆոկշանի քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկին և Բերդի համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանը ստորագրեցին համատեղ հռչակագիր` երկու քաղաքների միջև համագործակցության կապեր հաստատելու վերաբերյալ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը Հայաստանի դեսպանի կողքին ներկա էին նաև Վրանչայի նահանգապետ Կատալին Պոպեսկուն, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը: Մինչ այդ հայկական պատվիրակությունը Ֆոկշանում մասնակցեց Ռումինական բանակի օրվա հանդիսավոր արարողությանը, այցելեց քաղաքային թանգարան, ինչպես նաև պտույտ գործեց Ֆոկշանի հայկական այն վայրերով, ուր 20-րդ դարի սկզբից ի վեր ընթացել էին Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան» նշանավոր վեպի գործողությունները: Հաջորդ օրերին հայկական պատվիրակությունն այցելեց Հարգիտայի նահանգի Ֆրումոասա, Սիբիու նահանգի Դումբրավեն, Կլուժ նահանգի Գեռլա հայաբնակ քաղաքներ, ուր Այրումի համայնքի ղեկավար Գիգոլ Եգանյանը, Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Վանուշ Ամիրաղյանը և Իջևանի համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը պայմանագրեր կնքեցին համապատասխանաբար Ֆրումոասայի, Դումբրավենի և Գեռլայի քաղաքապետեր Տիբոր Ֆերենցի, Ջորջետա Իրիմիեի և Մարիուս Սաբոյի հետ:

Հոկտեմբերի 27-ին Դումբրավենում հայ պատվիրակները մասնակցեցին Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում նկարիչ Յոն Կոնստանտինեսկուի ցուցահանդեսի բացմանը, այցելեցին Հայ կաթողիկե տաճար և հայկական պատմական վայրեր: Գեռլայում` նախկին Արմենոպոլիսում, որ 1700թ. հիմնվել է հայերի կողմից, հյուրերը պտույտ գործեցին հայկական բարոկկո ոճի հին քաղաքում, այցելեցին պատմության թանգարան, ուր ցուցադրվում էին հայ եկեղեցական պաշտամունքային իրեր, Հայկական մշակութային կենտրոն, ժամանակի հայկական վարչական և կրթական շենքեր, Սուրբ Երրորդության հայ կաթողիկե հոյակապ տաճարում ներկա եղան կիրակնօրյա պատարագին: Ուղևորության վերջին վայրը Պիտեշտ քաղաքն էր, ուր հոկտեմբերի 29-ին քաղաքապետ, Ռումինիայի քաղաքապետների միության նախագահ Թուդոր Պենդիուկը և Գյումրու քաղաքապետի տեղակալ Գուրգեն Մալխասյանն ստորագրեցին բարեկամության պայմանագիր: Ստորագրված պայմանագրերը նախատեսում են համայնքների միջև փոխայցելությունների աջակցություն և խրախուսում, հանրային հաստատությունների, տարբեր կազմակերպությունների և առևտրային ընկերությունների միջև կապերի հաստատում, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում, փորձի փոխանակման և գործընկերության նախաձեռնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, երիտասարդությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը, կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և գործարարությունը, հանրային կառավարման մենեջմենտը և քաղաքաշինությունը: Պիտեշտում բարեկամության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ մեկտեղ ներկա էին նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Տեղական մամուլը և հեռուստատեսությունը հետաքրքրությամբ անդրադարձան հայ քաղաքապետերի այցելությանը և եղբայրացման համաձայնագրերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---