Շարունակվում է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզսի» 2 աշխատակիցների քրեական գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - Շենգավիթի դատարանում շարունակվում է մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանին և նրա եղբորը՝ Սարո Հարթունյանին, պատկանող մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների քրեական գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ երեք անձինք մեղադրվում են հարկերից չարամտորեն խուսափելու մեջ: Ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ստուգման ակտի, պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժ-տուգանքները ներառյալ՝ շուրջ 111 մլն դրամի:

Մեղադրանքի հիմքում ներառված են նաև շուրջ 45 անձանց վկայություններ: Այժմ նրանք հարցաքննվում են դատարանում:

Թեպետ դատարանն ամեն միջոց ձեռնարկում է վկաների ներկայությունն ապահովելու համար, անգամ նրանց բերման ենթարկելու որոշումներ կայացնում, այդուհանդերձ վերջին նիստին, օրինակ, դատարան էր ներկայացել մեկը՝ Արաբկիրում գտնվող մի խանութի տնօրեն, ով նշեց, որ «Ցար» ապրանքանիշի մակարոնեղեն ստացել է և որքան անգամ ստացել է, նույնքան էլ իրեն ներկայացվել են հաշիվ ապրանքագրեր: Սակայն ինչպես շատ այլ վկաների պարագայում, այս անգամ էլ հակասություն կար վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Քննիչի մոտ հարցաքննվելիս նա նշել էր, որ 40.000 դրամի ապրանք ստանալիս իրեն չեն տրվել հաշիվ ապրանքագրեր: Սակայն դատարանում վկան նշեց, որ հաշիվ-ապրանքագրեր միշտ ստացել է:

Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ նշելով, որ դատավարության վերջում դարձյալ միջոցներ կձեռնարկի վկաներին դատարանում հարցաքննելու ուղղությամբ: Դատախազը հրապարակել է դատարան չներկայացած 8 վկաների նախաքննական ցուցմունքները: Ապացույցները կհետազոտվեն մյուս դատական նիստին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---