ԿԳ նախարար. Ուսանողությունը պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն է

ԿԳ նախարար. Ուսանողությունը պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն է

PanARMENIAN.Net - Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքում ասվում է.«Սիրելի’ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը:

Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---