Քուվեյթի Էմիրը կայցելի Հայաստան

Քուվեյթի Էմիրը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Առավոտյան ԱԳ նախարարին ընդունեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները և ՀՀ նախագահի անունից վերահաստատեց Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները և տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին 2009 թ. ՀՀ նախագահի Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը:

Գոհունակությամբ նշվեց, որ Էլ-Քուվեյթում և Երևանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։

Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր ասաց երկրում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսևորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:

Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր փոխանակեցին նաև մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակեցին գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։ Վարչապետ Ալ Ահմադ Ալ Սաբահին ասաց, որ կառավարության առաջիկա նիստին համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---