Գլենդելում կնշեն արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 55-ամյակը

Գլենդելում կնշեն արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 55-ամյակը

PanARMENIAN.Net - 2012 թվականի դեկտեմբերի 7-ին Գլենդելում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-րդ տարելիցին։ Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառմանը կկայանա «Հայրենասեր» կազմակերպության պատրաստած ֆիլմի պրեմիերա՝ նվիրված Հայաստանի մի բեկորի` Արցախի ազատագրման գործում Մոնթեի ունեցած ավանդին և նրա ազատագրած տարածքի կարևորությանը։ Քաղաքագետ և պատմաբան դր. Արմեն Այվազյանը կներկայացնի պատմահամեմատական ակնարկ` զուգահեռներ անցկացնելով Արցախ-Սյունիք երկրամասում 1720-ական թվականների Դավիթ Բեկի ու Արցախի մելիքների ղեկավարած ապստամբության և մերօրյա Արցախյան գոյամարտում հայոց հրամանատարության, մասնավորապես, Մոնթեի գործունեության միջև։ Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես կգան երգիչներ Արմեն Մովսիսյանն ու Հովհաննես Շահբազյանը։ Կլինի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախի ազատագրված Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններին:

Միջոցառումը կազմակերպվում է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

Մոնթե Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993), Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:

1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---