Օմանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հնէաբանության, թանգարանների ոլորտներում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: ՕՍ մշակույթի և մշակութային ժառանգության նախարար Սալեմ Ալ-Մահրուկի հետ կայացած հանդիպման ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջև մշակույթի ոլորտում կապերի հաստատման հեռանկարները:

Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայկական մշակույթի առանձնահատկությունները` առաջարկելով քննարկել Օմանում հայկական մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հնէաբանության, թանգարանների և մշակութային այլ կոթողների, հին ձեռագրերի ուսումնասիրման բնագավառներում համագործակցություն ծավալելու նպատակահարմարությունը: Այս կապակցությամբ նախարար Սալեմ Ալ-Մահրուկը նշեց, որ Օմանը հարուստ է հին ձեռագրերի պահպանման և վերականգման համապատասխան հաստատություններով, ինչը կարող է բավարար հիմք հանդիսանալ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի հետ կապերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար: Նա նաև նշեց, որ ՕՍ մշակույթի և մշակութային ժառանգության նախարարությունը պատրաստ է արաբալեզու տարաբնույթ թեմատիկ գրականությամբ ապահովել ՀՀ համապատասխան բուհերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---