Հայաստանն ինտեգրման գործընթացների ներդաշնակեցման կողմնակից է, ոչ թե՝ հակադրման

Հայաստանն ինտեգրման գործընթացների ներդաշնակեցման կողմնակից է, ոչ թե՝ հակադրման

PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի հայտարարել և չի հայտարարում, որ առաջնային է համարում եվրոատլանտյան կողմնորոշումը, որ նախապատվությունը տալիս է եվրոատլանտյան համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ կապված ենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններով, ավելորդ բառեր այստեղ պետք չեն, դրանով ամեն ինչ ասված է: Մենք շաղկապված ենք բազմաթիվ խորքային կապերով, ինչը ստեղծում է այն ամուր հիմքը, որի վրա մենք կառուցում ենք, նորանոր քարեր ենք դնում ժամանակի փորձությանը դիմացած մեր դաշնակցային հարաբերությունների ամուր շենքին:

Եթե անդրադառնանք ԱՊՀ-ին, ապա Հայաստանը ոչ միայն Համագործակցության հիմնադիրներց է, այլ նաև ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Մեր երկիրն առաջիններից մեկն է ԱՊՀ շրջանակներում ստորագրված ու հավանության արժանացրած փաստաթղթերի քանակով: Ի դեպ, Հայաստանն առաջիններից մեկը վավերացրեց ԱՊՀ Ազատ առևտրի մասին պայմանագիրը»,-հայտարարել է Նալբանդյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ «բավականին հաջող և դինամիկ են զարգանում մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Մենք ավարտում ենք Ասոցացման համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստումը, բանակցում ենք ազատ առևտրի խորը ու համապարփակ գոտու ստեղծման մասին: Շուտով համաձայնագիր կկնքենք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին»:

«Հայաստանը վարում է բաց և կանխատեսելի քաղաքականություն: Մենք միտված ենք մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև գործընկերության սերտացմանը բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են զարգացնել համագործակցությունը փոխշահավետ հիմքերի վրա՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել երկիրը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:

Ոչ թե հակազդեցությունը, այլ երկխոսությունն ու փոխգործակցությունը տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև կարող են կարևոր ավանդ ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավոման գործում ի շահ բոլոր պետությունների, նրանց ներդաշնակ զարգացման»,-ասել է ԱԳ նախարարը:

Մեկնաբանելով վերջերս հնչող կարծիքներն այն մասին, թե հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներն անհամատեղելի են և նույնիսկ հակասում են եվրոպական ինտեգրման գործընթացներին՝ Է.Նալբանդյանն ասել է. «Հակադրման տրամաբանությունը, «կամ-կամ» արհեստական երկընտրանքի առաջադրումը անցյալի ժառանգություն է: Հայաստանը ինտեգրման գործընթացների ներդաշնակեցման կողմնակից է, ոչ թե՝ հակադրման»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---