ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում Մամեդյարովի ելույթը նման էր վատ սցենարով անտաղանդ ներկայացման

ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում Մամեդյարովի ելույթը նման էր վատ սցենարով անտաղանդ ներկայացման

PanARMENIAN.Net - Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարաների խորհրդի 19-րդ նիստի ժամանակ արդեն ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ինչպես և սպասվում էր, Մամեդյարովի ելույթի` ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածը քիչ ընդհանրություններ ուներ Բաքվում հնչող հայտարարությունների հետ: Դուբլինում պարզվեց, որ Բաքուն «հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունները շուտափույթ կերպով վերսկսելով»:

Ավելին, հատուկ դուբլինյան գագաթաժողովի համար Ադրբեջանը որոշել է, որ «կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացմանը և աջակցում է համանախագահների գործունեությանը, ինչեպես նաև պատրաստ է սկսել համընդհանուր խաղաղության համաձայնագրի մշակումը, ինչը կհանգեցնի հակամարտության փուլային կարգավորմանը»: Նա նաև ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններն անարդյունք են և շատ երկար են շարունակվում», սակայն չի նշել դրա բուն պատճառը` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: Այն մասին, որ Բաքվում վաղուց, իսկ վերջին ժամանակներս էլ ավելի հաճախ են հնչում Մինսկի խմբի անօգուտության և ղարաբաղյան հակամարտությունը այլ հարթություն տեղափոխելու վերաբերյալ հայտարարություններ, Մամեդյարովը չի հիշատակել: Այն մասին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոսում են հայկական կողմի դեմ մոտ ապագայում պատերազմ սկսելու մասին և զինվում են մինչև ատամները, Մամեդյարովը կրկին, չգիտես ինչու, ոչինչ չի խոսել: Նա մոռացել է նաև մեջբերել իր նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, ով հրապարակավ հայտարարել է, որ «Ադրբեջանի համար մեկ թշնամին հայերն են»: Իսկ այն մասին, որ Հայաստանն արգելակում է «բանակցությունները և անում է ամեն բան, որպեսզի հակամարտությունը չլուծվի», ասել է մի քանի անգամ` տարբեր ձևակերպումներով:

Մեկնաբանելու կարիք չկա: Պարզապես թվարկենք փաստերը. Ադրբեջանը բազմաթիվ տարիների ընթացքում փորձում է թույլ չտալ ղարբաղյան խնդրի լուծումը, անտեսում է նույն Մինսկի խմբի կոչերն ու առաջարկությունները, ինչպես օրինակ, պահպանել հրադադարի ռեժիմը, դիպուկահարներին հեռացնել առաջին գծից, մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Բաքուն նաև վիժեցնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, անընդհատ Հայաստանին և Ղարաբաղին սպառնում է նոր պատերազմով, մեծ քանակությամբ գնում և արտադրում է զինամթերք և սպառազինություն` խախտելով բոլոր միջազգային նորմերը և այլն:

Մի խոսքով, վատ հեղինակը սցենար է գրել Մամեդյարովի դուբլինյան անտաղանդ ներկայացման համար:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---