19 դեկտեմբերի 2012 - 21:51 AMT
Բաքուն լրջորեն կարծում է, որ իրավունք ունի՞ որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել Արցախ

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորը «պետք է բացատրի» Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցի նպատակը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

«Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցին այդ տարածքներ, քանի որ դա նրանց աշխատանքն է: Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի` այդ տարածքներ հանուն տարբեր քաղաքական նպատակների այցելելուն, ապա մենք պաշտոնապես նրանց թույլ չենք տալիս, քանի որ դրա համար հիմքեր չկան: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին, ապա պետք է մտածել այդ ուղևորության նպատակների մասին»,-չորեքշաբթի օրը լրագրողների է ասել Ազիմովը:

Նրա խոսքով, «ԵՄ-ն չի մասնակցում հակամարտության կարգավորմանը, այլ միայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Ապագայում ԵՄ-ն կարող է ներգրավվել հակամարտության հետ կապված ինչ-ինչ հարցերի լուծման գործընթացում, ընդգծել է փոխնախարարը` հավելելով, որ «եթե Լեֆորը ցանկանում է այցելել Ղարաբաղ, ապա պետք է բացատրի այցելության նպատակը»:

Որևէ բան մեկնաբանելն ավելորդ է, բայց մի՞թե Բաքվում լրջորեն կարծում են, որ իրավունք ունեն որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել արդեն վաղուց դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչվող տարածք: