Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի և այլ ոլորտների գործիչների

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի և այլ ոլորտների գործիչների

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային:

«Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ, որ գալիք տարին երջանկություն, սեր և համերաշխություն բերի բոլորի ընտանիքներին: Թող 2013-ը բոլոր ոլորտների համար լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների ու վերելքի տարի»,- ողջույնի խոսքում նշել է Տարոն Մարգարյանը:

Երաժշտական արվեստի, գրականության, մշակույթի, հոգևոր կրթության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, Հայկական Բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների տնօրեն-տեսուչ Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև Երևանի հ. 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը և Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Լիլիթ Գիլոյանը` համապատասխանաբար առողջապահության և ուսումնամարզական ոլորտներում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար: Ոլորտների ևս 20 ներկայացուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի և շնորհակալագրի:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի համար` պարգևատրվածները խոստովանել են, որ մրցանակը պարտավորեցնող է և այսուհետ սիրելի մայրաքաղաքի համար անելու են ավելին:

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում ունկնդրել է նաև մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային մրցույթներում հաջողությունների հասած սաների համերգը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---