Քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումների խստացման միջոցով տնտեսվել է 600 մլն դրամ

Քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումների խստացման միջոցով տնտեսվել է 600 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիրներից է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: «Ներկայումս զգալի աշխատանքներ տարվել են քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ, սակայն մինչ օրս հիմնականում գործում են խորհրդային ժամանակաշրջանի նորմատիվները: Ուստի հրատապ է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը:

Նախարարության հրավերով նոյեմբերին Հայաստանում էին Եվրոմիության փորձագետները, որոնք «Թայեքս գործիքի ներքո» սեմինարին ներկայացրեցին Եվրոպական երկրների փորձը: Աշխատանքներ են տարվել մշակելու հստակ, համակարգված մեխանիզմներ` կազմակերպվող մրցույթների ու շինարարական աշխատանքների բաց և թափանցիկ գործելաոճի ապահովման համար: Մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով, մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրվում է համացանցում»,- նշեց նա` հավելելով, որ այս տարի բաց, թափանցիկ մրցույթների կազմակերպման, տեսչական ստուգումների խստացման միջոցով հատկացված 7 միլիարդից տնտեսվել է շուրջ 600 մլն դրամ:

Նախարարը տեղեկացրեց, որ Քաղաքաշինական պետական տեսչությունը 2012 թվականին իրականացրել է 1128 ստուգում և ուսումնասիրություն, որի արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է շուրջ 52 մլն դրամ տուգանք, որն ամբողջությամբ մուտքագրվել է: «Ներկայումս քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպություններին տրված է շինարարության իրականացման 1521 լիցենզիա և շինարարության որակի տեխնիկական հսկողության` 206 լիցենզիա: 2012 թ. կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, որից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող 199 կազմակերպությունների հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում թվով 90-ի լիցենզիաները կասեցվել են»,- ասաց Թադևոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---