Ադրբեջանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ասպարեզում

Ադրբեջանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ասպարեզում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ասպարեզում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՌԳԱ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, բավականին ցավագին և անսպասելի էր հակասությունը Մեքսիկայի հետ, որտեղ մտադիր են ապամոնտաժել Հեյդար Ալիևի հուշարձանը, քանի որ տեղի փորձագետները համարում են, որ «նա արժանի չէ» տեղ զբաղեցնել Մահաթմա Գանդիի, Ավրաամ Լինքոլնի ու Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների կողքին: «Վրաստանի նոր կառավարության մի շարք հայտարարություններից հետո շատերը շտապեցին հայտարարել վրաց-ադրբեջանական հարաբերությունների բարդացման մասին: Սակայն պաշտոնական Բաքվի համար ոչ մի ողբերգական բան չեղավ՝ Բիձինա Իվանիշվիլիի Բաքու կատարած այցից հետո հայտարարվեց, որ «ռազմավարական գործընկերության հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի միջև կշարունակվեն նաև առաջիկայում»: Պաշտոնական Բաքվին հաջողվեց աջակցություն ստանալ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հարցում, որի մասին հայտարարեց Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարդ Էյդեն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ»,-ասել է նա:

Կռիլովը նշեց նաև, որ ինչպես և նախկինում, Ադրբեջանի միջազգային վիճակն ունի իր թույլ և ուժեղ կողմերը: Հիմնական սպառնալիք է մնում այն, որ Ադրբեջանը չունի անվտանգության հստակ երաշխիքներ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերի կամ ռազմաքաղաքական դաշինքների անդամակացության ձևով, որոնք արտաքին աջակցություն կերաշխավորեին ճգնաժամային իրավիճակում: ՎՈւԱՄ շրջանակներում ռազմական կառույցներ ստեղծելու մտադրությունները մնացին թղթի վրա, այժմ դրանց մասին գերադասում են չհիշել: Ռազմական համագործակցության մասին համաձայնագրերն այլ պետությունների հետ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի այլ պետությունների, նման աջակցություն չեն երաշխավորում, այստեղ ուսանելի է Վրաստանի փորձը 2008 թվականին: Իսկ սեփական ռազմական հզորության աճը իր սահմաններն ունի և չի կարող հստակ երաշխիք լինել բազմաթիվ ու տարաբնույթ պոտենցիալ սպառնալիքների դեպքում՝ վերջին տարիներին բազում են դրա օրինակները Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր և Միջին Արևելքում:

«Ադրբեջանի ուժեղ կողմը հարուստ էներգետիկ ռեսուրսների առկայությունն է: Ադրբեջանն առավել հաջող է զարգացնում իր հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք շահագրգռված են դրանցում: Տրամաբանական կլիներ ակնկալել, որ Բաքուն կսերտացնի իր գործընկերությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ, որոնցից մի քանիսը ակնհայտ ցանկություն են հայտնում մասնացելու Հարավային Կովկասի իրադարձություններին որպես քաղաքական խաղացողներ: Իսկ գործընկերությունը Ադրբեջանի համար ամենամերձավոր Թուրքիայի հետ բավականին բարդ է դասավորվում Բաքվի համար, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում: Դրա պատճառն առաջին հերթին Թուրքիայի ձգտումն է առավելագույն գին ստանալ իր տարածքով ադրբեջանական գազի տարանցման համար և նվազագույն գին վճարել այդ գազի դիմաց՝ սեփական կարիքների համար: Ադրբեջանի համար անբարենպաստ գործոն է խնդիրների առաջացումը հարևան Ռուսաստանի ու Իրանի հետ, և եթե այդ միտումը շարունակվի, դա կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ:

Թեև Սաֆարովի գործը բարդացրեց Ադրբեջանի վիճակը, հազիվ թե այն հանգեցնի պաշտոնական Բաքվի մեկուսացմանը միջազգային ասպարեզում: Ցանկության դեպքում ադրբեջանական իշխանությունները կարող են առանց որևէ խնդիրների կազմակերպել օտարերկրյա ղեկավարների պաշտոնական այցերը Բաքու, թող որ ոչ այնքան խոշոր ու ազդեցիկ երկրների: Դա թույլ կտա ցույց տալ, որ Իլհամ Ալիևը շարունակում է մնալ «ընդունված», սակայն, ակնհայտ է, որ այդպես չես լուծի ժամանակակից Ադրբեջանի ներքին ու միջազգային խնդիրները»,-ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---