Փաստաբան. Վահագն Չախալյանի ազատ արձակումը սպասվում է յուրաքանչյուր պահի

Փաստաբան. Վահագն Չախալյանի ազատ արձակումը սպասվում է յուրաքանչյուր պահի

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն իրեն լավ է զգում և հույս ունի, որ մոտ ժամանակներս ազատ կարձակվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գործչի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով երեկ է վերադարձել Վրաստանից, ուր գնացել էր տեսակցելու Վահագն Չախալյանի հետ:

Ստեփան Ոսկանյանը հայտնեց, որ համաներման ակտը, որ ընդունել է Վրաստանի խորհրդարանը, իր ուժը տարածում է նաև Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքների հոդվածների վրա: «Անկախ այն հանգամանքից, նա կճանաչվի քաղբանտարկյալ, թե` ոչ, Վահագն Չախալյանը այդ ակտի ուժով ազատ է արձակվելու: Նրա վերաբերյալ դատական գործն այս պահին գտնվում է Ախալցխայի շրջանային դատարանում: Գործերը վերանայելու համար դատարանն ունի մի քանի շաբաթ ժամանակ: Եվ այդ դեպքում հարցը հնարավոր է լուծվի երկշաբաթյա ժամկետում»,- պարզաբանեց փաստաբանը:

Հարցն այն է, թե Վահագն Չախալյանը Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ կարձակվի որպես քաղբանտարկյալ, թե սովորական ընթացակարգով, որպես մեղադրյալ՝ այն մեղադրանքներով, որոնք անհիմն առաջադրվել էին նրա նկատմամբ:

Վահագն Չախալյանը Ստեփան Ոսկանյանին հայտնել է, որ վստահ է, որ ազատ է արձակվելու և հավատում է, որ արդարությունը վերջնական հաղթանակ է տանելու: «Նա նկատի ուներ, որ ինքը խորհրդարանի կողմից քաղբանտարկյալ է ճանաչվելու»,- ասաց նա:

Ստեփան Ոսկանյանը նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Վրաստանի խորհրդարանին Վահագն Չախալյանի կողմից դիմում է ներկայացվել, որով նա պահանջում է իրեն քաղբանտարկյալ ճանաչել:

Ստեփան Ոսկանյանը համոզված է, որ համաներման ակտի գերակա ուժով Վահագն Չախալյանը ազատ կարձակվի` անկախ բոլոր հանգամանքներից: Դատական գործի քննման ժամանակ, ըստ փաստբանի, հնարավոր չէ, որ ի հայտ գա որևէ հանգամանք, ինչի պատճառով համաներումը Վահագնի վրա կարող է չտարածվել:

«Վահագն Չախալյանի ազատ արձակումը սպասվում է յուրաքանչյուր պահի»,- եզրափակեց Վահագնի փաստաբանը:

Վահագն Չախալյան

Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---