Թբիլիսիում շարունակվում են սիրիահայերի օգնության բարեգործական միջոցառումները

Թբիլիսիում շարունակվում են սիրիահայերի օգնության բարեգործական միջոցառումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին, Թբիլիսիի «ArtHaal» համերգային դահլիճում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ կայացավ համերգ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների շարքը, բարեգործական համերգի ընթացքում կազմակերպվեցին Վրաստանի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք, Դավթյան ընտանիքի տիկնիկների և «Ջազվե» սրճի ակցիաներ: Բարեգործության ողջ հասույթը պատերազմից տուժած սիրիահայերի օգնության նպատակով փոխանցվելու է բանկային հաշվեհամարի վրա:

Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգևոր դասի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքային կազմակերպությունների, մտավորականության, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչները: Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Տիգրան Թումանյանն ընթերցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովաննես Մանուկյանի միջոցառմանն ուղղված ուղերձը: Բարեգործական համերգին պատվավոր հյուրի կարգավիճակով ելույթ ունեցավ հատուկ Երևանից ժամանած հանրահայտ ջազմեն Արտո Թունչբոյաջյանն՝ իր հիասքանչ կատարումներով և հայաշունչ խոսքով:

Իրար հաջորդեցին ճանաչված մենակատարներ և տարբեր մրցույթների մասնակիցներ ու դափնեկիրներ Աննա Խանչալյանի, Աննա Պողոսովայի, Նադի Զախարյան-Լուցենկոյի, Ռուբեն Ոսկանյանի, Հովհաննես Շահնազարյանի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի ելույթները:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» և նորաստեղծ «Մուշ» (պարուսույց Սվետլանա Երիցյան), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթների հայրենասիրական ոգով և ազգային շնչով տոգորված պարերը, Ներսես Շնորհալիի անվան երգի պատանեկան և ավագ երգչախմբի ելույթները (խմբավարներ՝ Մարա Աբուլյան և Հովհաննես Համբարձումյան) դարձան վիրահայոց թեմում հայ արվեստի պահպանման և զարգացման վառ դրևորում:

Միջոցառման վերջում օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարևորելով Վարդանանց տոնի խորհուրդը, քրիստոնյա հավատքն անվանեց այն զորեղ ուժը, որին ապավինելով հայ ժողովուրդը նվիրվել է իր հայրենիքի և հավատքի պահպանությանը:

Համերգը վարող՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը բոլոր մասնակիցներին բաժանելով շնորհակալագրեր, հայտարարեց, որ սիրիահայերի օգնության բարեգործական գործողությունը վիրահայոց համայնքում շարունակվում է, PanARMENIAN.Net ին են հայտնել Վիրահայոց մամլո դիվանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---