Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ, թանկագին վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Սա տոն է ինչպես հանրապետության զինված ուժերի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար, ով օրհասական պահին մեկ մարդու պես ոտքի ելավ` պաշտպանելու իր պապերի հողն ու կերտելու սերունդների ապագան, առանց վարանելու զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին և իր քաջ զավակների արյան գնով գծեց հայրենի երկրի սահմանները:

Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում մեր նահատակված քույրերի ու եղբայրների հիշատակի առջև: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Փա~ռք ու պատիվ հայոց բանակին, ում ջանքերի շնորհիվ է նաև պահպանվում խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում:

Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և անպայման կանենք, որպեսզի միշտ բարձր պահենք զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն ու հաղթական ոգին, որպեսզի նա լինի ժամանակակից պահանջներին համապատասխան, ուժեղ ու հզոր:

Այս հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ համայն հայությանը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում, Զինված ուժերի ողջ անձնակազմին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաջողություններ` հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության իրականացման ճանապարհին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---