Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվել «Հայարտուն» կենտրոնում

Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվել «Հայարտուն» կենտրոնում

PanARMENIAN.Net - Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 23-ին բացվեց ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն համատեղ կազմակերպել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների միությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացվել էին վրաց գեղանկարչության ճանաչված նկարիչներ Ամիրան Կուպրավայի, Անգելինա Դամենիայի, Բրունո Վեփխվաձեի, Գիա Մարկոզաշվիլու, Գելա Փիլաուրու, Գուրամ Ցերցվաձեի, Գիա Ռևազիշվիլու, Թամար Սուլխանիշվիլու, Թեմուրի Դվալիշվիլու, Մերաբ Գաբունիայի, Մալխազ Ռչեուլիշվիլու, Պաատա Կլդիաշվիլու, Ջովանի Վեփխվաձեի, Տատյանա Պապիսաշվիլու, Օմարի Կաճկաճիշվիլու շուրջ 4 տասնյակի հասնող կտավներ, որոնցից ամեն մեկը հարուստ երևակայությամբ, գունային ինքնատիպ համադրությամբ և կատարողական մեծ վարպետությամբ կերտված նկարչի մտքի և հուզաշխարհի արտահայտությունն էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Կովկասի մուսուլմանների շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեի ներկայացուցիչը Վրաստանում Ախունդ Ալի Ալիևը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը, վրացի և հայ ճանաչված նկարիչներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, ասվում է Վիրահայոց Թեմի մամլո դիվանի հաղորդագրության մեջ:

Բացելով ցուցահանդեսը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը արժևորեց հայ-վրացական բարեկամությանը միտված համատեղ նման միջոցառումների կազմակերպումը:

Այնուհետև Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահոււմյանը հանգամանալից ներկայացրեց ցուցահանդեսին մասնակցող վրաց նկարիչներին և ողջունեց հայ և վրաց ժողովուրդների հարուստ մշակույթը ցուցադրելու, մշակութային փոխհարաբերությունները զարգացնելու նպատակով հայ արվեստի տան գործունեությունը:

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Վրաստանի նկարիչների միության նախագահ Գուրամ Ցերցվաձեն, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, նկարիչ Ջովանի Վեփխվաձեն: Միանշանակ արտահայտվեց համատեղ մշակութային միջոցառումներով, փոխադարձաբար Հայաստանում՝ վրաց նկարիչներին և Վրաստանում հայ նկարիչներին ցուցադրելով հայ-վրացական դարավոր բարեկամությունը զարգացնելու և խորացնելու գաղափարը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց Թբիլիսիի այն գեղարվեստական անկրկնելի կոլորիտի մասին, որը ներդաշնակվելով բնատուր տաղանդին, աշխարհին տվել է Նիկո Փիրոսմանի, Լադո Գուդիաշվիլի, Գևորգ Բաշինջաղյան, Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքով, Գայանե Խաչատրյան հանճարներին և ներկաներին հորդորեց իրենց ավանդն ունենալ հայ – վրացական բարեկամության ոսկե կամրջում:

Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև մարտի 7-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---