«Ալիք». Թուրքական լարախաղաց քայլերը գործում են ի վնաս տարածաշրջանային կայունության

«Ալիք». Թուրքական լարախաղաց քայլերը գործում են ի վնաս տարածաշրջանային կայունության

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ի առավոտյան թեհրանահայ համայնքի ներկայացուցիչները համախմբվելու են թուրքական դեսպանատան առջև` բողոքելու այդ երկրի տարածաշրջանային և մասնավորապես սիրիական տագնապում ցուցաբերած դավադիր քաղաքականության և դրանից բխող` ոչ-հայանպաստ հետևանքների դեմ: Այս մասին գրում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը:

«Թեպետ Թուրքիան սկզբից ձևացրել է, թե սիրիական տագնապում հետամուտ է եղել այսպես ասած` «արաբական գարնան» հոլովույթում Ասադի դեմ հակառեժիմ գործընթացների, բայց և այնպես` որևէ արդարացում չի կարող քողարկել թուրքական բուն նպատակը` գաղափարա-քաղաքական միտումներով «նեոօսմանիզմը» գովազդել-քարոզելու հանգամանքը: Ավելին` թուրքական դավերի կենսագործման ճամփին «Ալ Ղայիդա»-կան և նմանատիպ վարկաբեկված գործոնների առկայությունը սաղմի մեջ իսկ հօդս է ցնդեցնում թուրքական հերթական լարախաղաց քայլերը, որոնք մշտապես ի վնաս են գործել անմիջական հարևանների շահերին ու առհասարակ` շրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Հայկական գործոնի և տվյալ դեպքում` սիրիական արդեն երկամյա տագնապի արդյունքում սիրիահայ ծաղկուն համայնքի խիստ անմխիթար ու ծանրակշիռ իրավիճակը հաստատապես հետևանքն է միևնույն` թուրքական տարածաշրջանային ընդհանուր քաղաքականության, որտեղ սիրիացի տուժող ժողովրդից անմասն չի մնում նաև ու մանավանդ սիրիահայ գաղթօջախը:

Ահավասիկ, ինչպես ողջ հայաշխարհի ցավակից ու պահանջատեր հայորդիներ, իրանահայ զավակները ևս ամեն պատճառ ու հիմք ունեն առանց այն էլ ցեղասպան Թուրքիային բողոքի ցույցերով հիշեցնել-զգուշացնելու իր` մասնավորապես հայության յուրաքանչյուր բեկորի կամ հատվածի ուղղակի թե անուղղակի վնաս պատճառելու մասին:

Բողոքի ու արդար պահանջատիրության այս իրավունքը հարգելով, ահա ԻԻՀ համապատասխան մարմինների ընդառաջմամբ ու համայնքիս ազգային մարմինների համադրական ջանքերով, թեհրանահայությունը ինչպես միշտ` կուռ և քաղաքակիրթ կեցվածքով համախմբվելու է Թուրքիայի դեսպանատան առջև, իր գերազանցապես բարոյական ու քաղաքական ձայնակցություն-նեցուկը ցուցաբերելու սիրիահայ մեր քաջակորով հայրենակիցներին»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---