27 փետրվարի 2013 - 17:29 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հասցնում բողոքի նոտաներ հանձնել

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ծեծի ենթարկելու վերաբերյալ»: Ինչպես ԱՊԱ-ին են հայտնել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը, ևս մեկ նոտա այսօր կներկայացվի Ֆրանսիայի Ազգային ժողովին:

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել: «Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո:

Ըստ ադրբեջանական վարկածի, «հայերը Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի ղեկավարությամբ ծեծի են ենթարկել Փարիզում Ադրբեջանական տան ղեկավար Միրֆարի Ֆատալիևային և Ֆրանսիայում սովորող ադրբեջանցի ուսանող Վյուսալ Հուսեյնովին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, իսկ հետո տուն ուղարկել: