28 փետրվարի 2013 - 11:31 AMT
Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին

Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն նշեց, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։