Կանադայում ՀՀ դեսպանը Թուրքիայի դեսպանին ցույց է տվել Ցեղասպանությունն ապացուցող փաստերը

Կանադայում ՀՀ դեսպանը Թուրքիայի դեսպանին ցույց է տվել Ցեղասպանությունն ապացուցող փաստերը

PanARMENIAN.Net - Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանն այդ երկրի ամենաընթերցվող օնլայն լրատվամիջոցում` thestar-ում, պատասխանել է Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թունքայ Բաբալիի հայտարարությանը, թե ինքը Հայոց ցեղասպանությունն ապացուցող պատմական կամ իրավական որևէ հիմնավոր փաստի չի հանդիպել: Օնլայն նամակում դեսպանը գրել է.«Ես, որպես սովորական հայ և ոչ որպես Հայաստանի դեսպան, պարտավոր եմ պատասխանել Թուրքիայի իմ գործընկերոջը, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում զարմանալիորեն չի հանդիպել Հայոց ցեղասպանությունը փաստող պատմական կամ իրավական որևէ հիմնավորված ապացույցի: Չմանրամասնելով Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը, ես կմատնանշեմ միայն մի քանի աղբյուրներ, որոնցից օգտվելով Թունքայ Բաբալին կարող է հարստացնել իր գիտելիքները հստակ փաստերով:

2002 թվականին Նյու Յորքի Արդարադատության միջազգային կենտրոնը վճռել է, որ հայերի կոտորածները Օսմայնան կայսրությունում «կրում են Ցեղասպանության մասին կոնվենցիայով սահմանված բոլոր տարրերը ցեղասպանություն որակվելու համար»: Ավելին, Կանադայում գործում են ավելի քան երկու տասնյակ պետական և միջազգային կազմակերպություններ, որոնց թվում նաև հեղինակավոր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Փաստեր հավաքելու մեկ այլ միջոց պարզապես ճանապարհորդելը Արևմտյան Հայաստանում, որը 11-րդ դարում գրավել են Ալթայի լեռներից եկած քոչվոր թուրքերը: Այնտեղ կբախվեք հազարավոր հայկական վանքերի, եկեղեցիների, ամրոցների և ողջ քաղաքաների, որոնց անունները մինչև այժմ էլ թուրքական կառավարությունը չի փոխել: Հարցրեք Ձեզ` որտեղ են այս տարածքների բնիկները, որտեղ են քրիստոնեական դատարկ եկեղեցիների սպասավորները, ինչպե՞ս կարող էին 1.5 միլիոն հայեր հենց այնպես վերանալ աշխարհի երեսից:

Կարծում եմ Դուք Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստեր կարող եք գտնել նաև «Նոյի երկրում»`քաղաքակրության այն օրրանում, որ այդպես դաժանորեն սրբապղծվել և ավերվել է երիտթուրքական կառավարության կողմից: Արժանապատվություն և քաջություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես արեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը: Հարգանք ունեցեք 10 միլիոն հայերի նկատմամբ, ովքեր դեռ ողբում են իրենց նախորդ սերունդների զարհուրելի կորուստը: Քաջություն ունեցեք»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---