13 հոկտեմբերի 2005 - 15:54 AMT
Նոյեմբերի 25-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 25-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հաղորդել են Մինսկում` ԱՊՀ Գործադիր կոմիտեյում: Նախատեսվում է քննարկման դնել ավելի քան 30 հարց, որոնցից 21-ը արդեն պատրաստ են քննարկման: Դրանց թվում են Համագործակցության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման, ԱՊՀ ներքին եւ երրորդ երկրների շուկա ազգային արդյունաբերողների մրցունակ ապրանքի ներկայացման միջնաժամկետ համալիր միջոցառումների մասին (մինչեւ 2010 թվականը) հարցերը: Օրակարգի նախագծում ընդգրկվել են նաեւ սահմանամերձ համագործակցության մասին կոնվենցիայի նախագիծը եւ Բնական եւ տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի մասին որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ հարցերը:

ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավաների խորհրդի նիստում նախատեսվում է առանց քննարկման ստորագրել շուրջ 25 փաստաթուղթ: Այդ թվում տեխնիկական ռեգլամենտների ներդաշնակեցման հիմքերի մասին համաձայնագիրը, արտաքին առեւտրի մաքսային վիճակագրության միասնական մեթոդաբանության մասին, Արտադրության եւ ծառայությունների որակի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Համագործակցության մրցանակ սահմանելու վերաբերյալ, ԱՊՀ պետությունների մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի մասին, երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը: Ստորագրման ներկայացվելիք փաստաթղթերի զգալի մասը նվիրված է պաշտպանության բնույթի հարցերին եւ իրվապահ մարմինների փոխգործակցության խնդիրներին: Մասնավորապես, առանց քննարկման առաջարկվում է ստորագրել մարդկանց, մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրի դեմ պայքարում պետությունների գործակցության մասին համաձայնագիրը, ավտոտրանսպորտային միջոցների առեւանգումների դեմ պայքարում եւ դրանց վերադարձը ապահովելու գործում համագործակցության մասին համաձայնագիրը, կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգելու մասին համաձայնագիրը:

Ռազմական հարցերի բլոկում ընդգրկված են օդային հարձակման ուժերին եւ միջոցներին ԱՊՀ երկրների ռազմական ուժերի հակազդեցության համալիր ապահովման նպատակային ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, ինչպես նաեւ 2006 թվականին Համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծմանն ու զարգացմանը ուղղված հատկացումների մասին, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կատարելագործման ընդհանուր ծրագրերի իրականացման ժամկետը երկարացնելու մասին փաստաթղթերը: Այս եւ այլ հարցեր են քննարկվել հոկտեմբերի 12-ին Մոսկվայում` ԱՊՀ Տնտեսական խորհրդի 25-րդ նիստում: