Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեր

Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեր

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։ Նույն օրը կայացան Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դիմիտրիս Ավրամոպուլոսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Հունաստանի արտգործնախարարն ասաց. «Ուրախ եմ ողջունել եղբայրական Հայաստանի արտգործնախարարին և շարունակել տարբեր հարցերի շուրջ հանգամանալից երկխոսությունը: Հայաստանի հետ մեզ կապում են մի քանի հազարամյակի պատմություն ունեցող բացառիկ հարաբերությունները»:

Շնորհակալություն հայտնելով Աթենք այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքը ուրախ է կրկին այցելել Հունաստան, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարները հանգամանալից անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, տուրիզմի, մշակույթի և կրթության բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

2014 թ. ԵՄ-ում Հունաստանի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա աշնանը բարձր մակարդակի միջկառավարական հանդիպում անցկացնելու, ինչպես նաև երկու երկրների ԱԳՆ–երի դիվանագիտական կրթական հաստատությունների միջև փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորման ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարևելյան զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը իր հույն գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ Հանդիպման ավարտին նախարարներ Նալբանդյանն ու Ավրամոպուլոսը ստորագրեցին ԱԳՆ-երի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Մարտի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հունաստանում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ հունահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---