Կառավարությունը պետծրագրերով կաջակցի շինարարության ոլորտին

Կառավարությունը պետծրագրերով կաջակցի շինարարության ոլորտին

PanARMENIAN.Net - Շինարարության ոլորտում տնտեսական աճն ապահովելու և ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով այսօր քաղաքաշինության նախարարության պատասխանատուները հանդիպել են ոլորտի ակտիվ մասնակիցների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Քաղշիննախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Սամվել Թադևոսյանը, խոսելով շինարարության ոլորտում տնտեսական աճի ապահովման անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ կառավարությունը տնտեսական աճն ապահովելու նպատակով պատրաստակամ է սատարել պետական ծրագրերով: Նախարարը կոչ է արել ծավալել բաց, ազատ խոսակցություն, վերհանել գոյություն ունեցող հիմնախնդիրները և տասնօրյա ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկություններ: «Կառավարության նիստի հանձնարարականի համաձայն առաջարկությունները կքննարկենք էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ, կձևակերպենք շինարարության ոլորտին պետական աջակցության ձևաչափը և դիմելով կառավարությանը` կստանանք այդ աջակցությունը»,- նշել է նախարարը»: Անդրադառնալով քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների և շինարարական աշխատանքների նկատմամբ նախարարության իրականացրած ամենօրյա օպերատիվ հսկողության, մրցույթների բաց և թափանցիկ անցկացման, մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակի կիրառման փաստերին` քաղաքաշինության նախարարը նշել է, որ վերահսկողական մեխանիզմների շնորհիվ` 2012 թվականին իրականացված շինարարական ծրագրերի շրջանակներում արձանագրվել է 987.0 մլն ՀՀ դրամի տնտեսում: Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը անդրադարձել է նախագծային կազմակերպությունների կողմից սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի և առավել արդիական մոտեցումների կիրառման, նախագծվող աշխատանքներում տեղական արտադրանքի կիրառման նախատեսման, շինարարական կազմակերպությունների կողմից շինարարության որակի, տեխնիկական անվտանգության, կատարման ժամկետների ապահովման, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից առավել սկզբունքային մոտեցումներով մասնագիտական ծառայությունների մատուցման, մրցույթների ընթացքում իրական գին ներկայացնելու անհրաժեշտության հիմնախնդիրներին: «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գ. Ազիզյանն առաջ է քաշել շինարարությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և լիցենզավորման գործընթացում խիստ պայմաններ սահմանելու խնդիրները: Համաձայնելով Գ.Ազիզյանի հետ` նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ նախարարությունն արդեն ձեռնամուխ է եղել լիցենզավորման գործընթացի խստացմանը` շեշտը դնելով մասնագետների առկայության վրա: Գ. Այվազյանը նշել է նաև ոլորտում մասնագետների պակասի մասին, բերելով միայն մի օրինակ, երբ մեկ անձը որպես տեխհսկիչ միաժամանակ աշխատում է 25 ընկերությունում: «Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Ս. Օհանյանը բարձրացրել է ներդրողների, պատվիրատուների, հեղինակային խնդիրների հետ կապված հարցեր: Հանդիպման ժամանակ կարևորվել է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, նշվել, որ այս տարի նախարարությունը ծրագրավորել է մշակել այդ համակարգի կարեւորագույն 8 նորմ: Առհասարակ հանդիպման ընթացքում շինարարների բարձրացրած հարցերը հիմանկանում վերաբերում էին գնումների գործընթացին, մրցույթներից հետո շինանյութերի գների աճին ու դրամ-դոլար հարաբերակցության տատանմանը, որոնք անմիջականորեն ազդում են շինարարության գործընթացի վրա, ոլորտում մասնագետների խնդրին, շինարարական կազմակերպությունների ռեյթինգավորմանը, շինարարության ոլորտին արտոնյալ տրամադրման և տարաբնույթ այլ խնդիրների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---