Ոստիկանապետ. Հայաստանը նաև այստեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է

Ոստիկանապետ. Հայաստանը նաև այստեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հայերի և եզդիների միջև միշտ էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ են եղել. «Հայաստանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է, ու մենք պետք է աջակցենք միմյանց, ամեն մեկն իր տեղում պետք է օգնի, որ այն դառնա ապահով, բարեկեցիկ երկիր։ Եկեք մեր շահը դարձնենք մեր երկրի բարեկեցությունը»:

Ոստիկանության պետը նշել է, որ առաջիկայում ոստիկանությունում ձևավորվելիք հասարակական խորհրդում կընդգրկվի նաև եզդի համայնքի ներկայացուցիչ։ Բացի այդ՝ ոստիկանությունն այսուհետ առավել կակտիվացնի համագործակցությունը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ։

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է՝ ոստիկանությունն այսօր նորովի է մտածում, ոստիկանության միտքը, պահվածքը, գործելաոճը փոխվում են, ոստիկանությունն այսօր վստահաբար ծառայում է հանուն օրենքի ու ժողովրդի։ Հյուրերն իրենց հերթին հավաստիացրել են, որ եզդիները պատրաստ են համագործակցել ոստիկանության հետ հանուն հասարակական անվտանգության։ Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հուշանվերներ է հանձնել հյուրերին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---