Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց վնասը կհատուցվի

Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց վնասը կհատուցվի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները` կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով։ Տուժածների իրական վնասների վերականգնման համար նախատեսվում է Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքն օտարել «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս հարցի կառավարական քննարկմանը, բացի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Ամփոփելով մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։

Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։ Բացի այդ, բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---