Տակտիկական ուսումնավարժություն թիվ 189 ավագ դպրոցում. Փորձարկվել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգը

Տակտիկական ուսումնավարժություն թիվ 189 ավագ դպրոցում. Փորձարկվել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս.Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և հատուկ հրշեջ ջոկատից 1-ական մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ: Ուսումնավարժության նպատակներն էին` գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտություններ, կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները, ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները: Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ էր բռնկվել, որը գրավել էր շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում էր դեպի տանիք։ Կար 4 պայմանական տուժած, որոնք ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա էր հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, և անհրաժեշտ էր տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին և 1000-ից ավելի աշակերտներին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ. ստեղծել և ներդրել է Հայաստանում նախադեպը չունեցող հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ: Մոնիթորինգի խնդիրն է ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասցնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ «911» արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակ: Այս համակարգի կիրառմամբ հնարավոր է խուսափել մարդկային զոհերից, ավերածություններից, նվազագույնի հասցնել հրդեհի պատճառած վնասը, ապահովել աշխատակիցների և կառույցի անվտանգությունը: Հանրապետությունում «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգն առաջինը տեղադրվել է Ս. Գևորգյանի անվան դպրոցում և գործնականում կիրառվում է առաջին անգամ։ Հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ` «911» ծառայության միջոցով և հրդեհի դեպքում ապահովում է ինքնաշխատ կանչ՝ առանց անձնակազմի միջամտության։ Որոշված ժամին կառավարման վահանակից տրվել է տագնապի ազդանշան, որն ավտոմատ փոխանցվում է ՃԿԿ։ Շենքում բարձրախոսների միջոցով հրահանգվել է կազմակերպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների անհապաղ տարհանում։ Դեպքի վայր ժամանած արձագանքման ուժերը սկսել են տարածքի հետախուզություն, հայտնաբերել և վտանգավոր գոտուց դուրս են բերել «տուժածներին»` միաժամանակ սկսելով հրդեհաշիջում։

«Սա պլանային ուսումնավարժանք էր, որն անցավ ըստ մտահղացման և ծառայեց իր նպատակին: Երեք ամիս առաջ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հրաման էր տվել, որ բոլոր կարևոր արտադրական և հատուկ նշանակության օբյեկտները «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգի միջոցով միացված լինեն «911» ծառայությանը: Սա առաջին դպրոցն է, որտեղ փորձնական տարբերակով տեղադրվել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգը: Ուսումնավարժանքի արդյունքները կվերլուծվեն, թերությունները կշտկվեն և համակարգը կատարելագործված տարբերակով կտեղադրվի բոլոր դպրոցներում: Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և րոպեների ընթացում, հնարավորինս արագ արձագանքել հրդեհին: Նաև նախատեսում ենք նման ավտոմատացված համակարգ տեղադրել հանրապետության վերելակներում, որպեսզի որևէ արտակարգ պատահարի դեպքում հնարավոր լինի մեկ կոճակի հպումով կապ հաստատել «911» ծառայության հետ: Արդյունքում` կտրամադրվի հոգեբանական օգնություն և խորհուրդներ` մինչ փրկարարների ժամանումը: Երկու օր առաջ ստացել ենք համապատասխան տեխնիկան և մոտ օրերս այն կփորձարկվի», - ասել է ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը:

«Կարող եմ վստահ ասել, որ միջոցառումը լիովին ծառայեց իր նպատակին: Երեխաները և ուսուցչական կազմը հստակ իմացան իրենց անելիքները վտանգավոր իրավիճակում: Այս համակարգի ամենակարևոր առավելությունն այն է, որ համակարգն ավտոմատացված է և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք, որ նման միջոցառումները պետք է շատ ավելի հաճախ անցկացվեն», - ասել է թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը: «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքերով, նման համակարգեր առաջին անգամ են Հայաստանում ներդրվել. «Դա արվել է ԱԻ նախարարության պահանջով: Ամբողջ աշխարհում ընդունված է ազդարարման համակարգերի առկայությունը հասարարական վայրերում: Այսօր մենք էլ ենք գնում այդ ճանապարհով» Ներկայումս Հայաստանում այս համակարգը տեղադրված է ավելի քան 155 օբյեկտում` պետական կառավարման հիմնարկներ, գործարաններ, պահեստներ, խանութներ, հյուրանոցներ և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---