Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Աջարիա

Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Աջարիա

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին և 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում:

Այցելության առաջին օրը Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Բաթումիի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքային կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ, աջարահայության սոցիալ-տնտեսական վիճակին և հոգևոր-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ներկաներն իրենց առաջարկներն ու տեսլականը ներկայացրին համայնքային կյանքի աշխուժացման և համայնքային բոլոր կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Հատուկ առանձնացվեց եկեղեցու կարևոր դերը համայնքի հոգևոր-մշակութային կյանքում:

Մայիսի 15-ին կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, որին մասնակցեց նաև Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Դեսպան Մանուկյանը շնորհավորեց Աջարիայի կառավարության ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ինքնավար հանրապետության ղեկավարության հետ համագործակցության խորացման հույս հայտնեց: Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` զբոսաշրջային ոլորտում համագործակցությանը, Աջարիայի ԻՀ և Հայաստանի Լոռվա մարզի, ինչպես նաև փոխադարձաբար չորս քույր քաղաքների գործակցության աշխուժացմանը, հայ համայնքի առանձին խնդիրների լուծմանը Աջարիայի կառավարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր:

Դեսպան Մանուկյանը և Աջարիայի ԻՀ կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համագործակցությունը քննարկված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու և բազմաոլորտ շփումներն առավել խորացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---