21 մայիսի 2013 - 10:50 AMT
Ուիլյամ Հեյգը Հայաստան-ԵՄ համագործակցության ոլորտում առաջընթաց է տեսնում

Մայիսի 20-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն: Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասաց, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորեց տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԳՆ լարտվական ծառայության հաղորդմամբ՝ zրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: